Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Որոնում

Главная » Файлы » Գյուղատնտեություն » Ագրովերամշակումը Հայաստանում

Ագրովերամշակումը Հայաստանում
2013-11-08, 4:26 PM
Հայաստանի ագրովերամշակող արդյունաբերությունը դեռևս խորհրդային շրջանից սկսած և այժմ էլ համարվում է երկրի տնտեսության կարևորագույն և բարձր արդյունավերտությամբ աշխատող ճյուղերից մեկը, որը շատ է կարևորվում նաև գյուղական բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման առումով:
Բավական է նշել, որ Հայաստանի ընդհանուր արդյունաբերության արդյունքի շուրջ 35%-ը (ներառյալ ծխախոտի արտադրությունը) ապահովում է ագրովերամշակող արդյունաբերությունը: Այս ցուցանիշին հասնելը հնարավոր է դարձել խորհրդային կարգերի փլուզմանը հաջորդած տնտեսության ընդհանուր ճգնաժամից դուրս գալուն ուղղված հետևողական և բազմածավալ աշխատանքների ու միջոցառումների շնորհիվ, ինչպիսիք էին մասնավորեցումը, օրենսդրական դաշտի բարելավումը, շուկայական ենթակառույցների ստեղծումն ու մեծածավալ ներդրումները:
 Հայաստանի ագրովերամշակող արդյունաբերությունը բավականին բազմազան է, ունի արտահանման միտվածություն և ընդգրկում է սննդարդյունաբերության գրեթե բոլոր ոլորտները, որոնցից առավել մեծ ծավալներ են կազմում խաղողի, պտուղբանջարեղենի, կաթի և ծխախոտի վերամշակման ճյուղերը: Միաժամանակ նշված ոլորտներում տեղակայված արտադրական հզորությունները այդ ոլորտների զարգացման և արտադրության ծավալների ավելացման մեծ պոտենցիալ են պարունակում, քանի որ այսօրվա դրությամբ օգտագործվում են առկա արտադրական հզորությունների մինչև 50%-ը:
Ագրովերամշակման ոլորտի կայուն զարգացումը շատ կարևոր է, քանի որ դրանից կախված զարգանում են նաև երկրի գյուղատնտեսության մյուս հիմնական ճյուղերը՝ բուսաբուծությունն ու անասնաբուծությունը:
Ագրովերամշակող արդյունաբերության ձեռնարկությունները սկսել են երկարաժամկետ պայմանագրային փոխհարաբերություններով աշխատել գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների հետ, ինչը աճեցրած գյուղ. հումքի իրացման, արտադրության ճիշտ կազմակերպման և արտադրության ծավալների ավելացման կայուն երաշխիք է տալիս նրանց: 
Պայմանագրային փոխհարաբերությունները խորացնելու և 2010 թվականի մթերման գործընթացն առավել կազմակերպված, առանց խոչընդոտների անցկացնելու և գյուղացիական տնտեսությունների ու խաղող մթերող գործարանների միջև պայմանագրային փոխհարաբերությունների հաստատումը խթանելու նպատակով մշակվել և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի հունիսի 2-ի N 100-Ա հրամանով հաստատվել ու հանրապետության խաղող գնող ընկերություններին է տրամադրվել <Խաղողի գնումների պայմանագրի օրինակելի ձևը>: 
 Մինչև մթերումների սկսվելը կնքվել էին լոլիկի մթերման շուրջ 1800 պայմանագիր, հիմնականում <Արտաշատի պահածոների գործարան> ԲԲԸ-ի կողմից և խաղողի մթերման շուրջ 8000 պայմանագիր (Երևանի կոնյակի գործարան` շուրջ 5500, ՄԱՊ` 500, Պռոշյանի կոնյակի գործարան` 1800, Երևանի կոնյակի, գինու, օղու կոմիբինատը Տավուշում` 150), իսկ որոշ ընկերություններ պայմանագրեր են կնքել մթերումների ընթացքում:
2010թ. մթերվել է շուրջ 135.0 հազ. տոննա խաղող և 33.3 հազ. տոննա պտուղբանջարեղեն: Խաղողի մթերումներ են իրականացրել շուրջ 40, իսկ պտուղբանջարեղենի` շուրջ 30 ընկերություններ: Ընդհանուր առմամբ մթերվել ու վերամշակվել է շուրջ 168.3 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող (շուրջ 18.9 մլրդ. դրամի), այդ թվում` 33.3 հազար տոննա պտուղբանջարեղեն (շուրջ 2.1 մլրդ. դրամի) և 135.0 հազար տոննա խաղող (շուրջ 16.8 մլրդ. դրամի), 2009 թ. համապատասխանաբար 171.3 (շուրջ 17.1 մլրդ. դրամի), 43.6 (շուրջ 2.4 մլրդ. դրամի) և 127.7 (շուրջ 14.7 մլրդ. դրամի) տոննայի դիմաց: 
 Մթերման 1կգ-ի միջին գինը խաղողի համար կազմել է 124.4 դրամ, 2009թ. 115.4-ի դիմաց, լոլիկինը` 35.1 դրամ, 2009թ. 34.5-ի դիմաց:
Գյուղ. հումքի մթերումների և սննդամթերքի արտադրության ծավալների ավելացումը տեղի է ունենում նաև շուկայական հարաբերությունների ու մրցակցության խորացման, նոր ձեռնարկությունների ստեղծման, վերազինման ու նոր տեխնոլոգիաների ներդրման, արտադրանքի որակի բարելավման և արտահանման ծավալների ավելացման շնորհիվ: Եթե շուրջ 10 տարի առաջ աշխատում էին գյուղ. հումք վերամշակող ընդամենը 7 պահածոների, 12 գինեգործության և մի քանի կաթի ու մսի վերամշակման ընկերություններ, ապա այսօր գործում են վերագործարկված կամ նոր ստեղծված շուրջ 37 պահածոների, 45 գինեգործական, ավելի քան 280 կաթի, 76 մսի և 4 ծխախոտի վերամշակման ընկերություններ:
Երկրի ագրովերամշակման ոլորտում շուկայական մրցակցության խորացումը, տեխնոլոգիական վերազինումը, որակի կառավարման համակարգերի ներդրումը և այլ միջոցառումների իրականացումը հնարավոր դարձավ մեծածավալ ներդրումների, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և վարկային միջոցների ներգրավման շնորհիվ: 
 Խոշոր ներդրումներից կարելի է նշել Լինսի հիմնադրամի կողմից շուրջ 6,0 մլն ԱՄՆ դոլարը պահածոների արտադրության, Պեռնո Ռիկար ընկերության կողմից 30 մլն դոլարը՝ գինեգործության, 18 մլն դոլարը՝ Ֆրանսիական Կաստել ընկերության կողմից գարեջրի և հանքային ջրի արդյունաբերության, ավելի քան 10 մլն դոլարը՝ հայ-կանադական Գրանդ-Տոբակո, հայ-ռուսական Գրանդ-քենդի և հայ-հունական Մասիս-տոբակ ու Կոկա-կոլա ընկերություններում: Փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծման ու զարգացման գործում մեծ նպաստ են բերել նաև տարբեր միջազգային կառույցներ ու ֆինանսական հիմնադրամներ, ինչպիսիք են ԱՄՆ գյուղ. դեպարտամենտը, հայ-գերմանական վարկային միությունը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին ծրագիրը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամը և այլն, որոնց գործունեության շնորհիվ միայն վերջին 4 տարիներին ստեղծվել կամ վերազինվել են պահածոների, գինեգործության, պանիրների, կաթնամթերքի ու մսամթերքի արտադրություններ, կաթի հավաքման կետեր, սպանդանոցներ և ալրաղաց` շուրջ 259 ՓՄՁ-եր:
        2009 թ. ամբողջ գյուղատնտեսական արտահանման ծավալների ավելի քան 55%-ը կազմել են ալկոհոլային խմիչքները, իսկ դրանց կազմում ավելի քան 93%-ը ստացվել է կոնյակից և բրենդիից: Բացի այդ արտահանվում են պտուղբանջարեղենային պահածոներ, բնական հյութեր, պանիրներ և սննդամթերքի բազմազան այլ տեսականիներ, որոնք իրենց որակական բարձր հատկանիշների շնորհիվ պոտենցիալ մեծ հնարավորություններ ունեն արտահանման ինչպես ծավալային աճի, այնպես էլ աշխարհագրության ընդլայնման առումով: Այսօր արտահանումը հիմնականում կատարվում է ԱՊՀ-ի անդամ երկրներ և հատկապես ՌԴ, իսկ ԱՄՆ-ի, Մերձավոր արևելքի և Եվրոմիության շուկաներ կատարվող արտահանումների ծավալները բավականին փոքր են և աճի լուրջ հեռանկարներ ունեն:
Ընդհանուր առմամբ Հայաստանի ագրոպարենային ոլորտն իր դինամիկ զարգացմանը զուգընթաց ունի աճի հսկայական պոտենցիալ, որի իրագործման նպատակով այսօր պետության կողմից ստեղծվել են նպաստավոր պայմաններ ներդրումներ կատարելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, առևտրային և այլ բնույթի համագործակցության համար:
Միաժամանակ մեծածավալ աշխատանքներ են տարվում նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ՝ գործող օրենսդրությունն ու ստանդարտները ԱՀԿ-ի և Եվրոմիության ընդունված չափանիշներին համապատասխանեցնելու համար, որը ևս կնպաստի բարձրացնելու վստահությունը Հայաստանում արտադրվող սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ և լրջորեն կխթանի արտահանման ծավալների ավելացմանն ու աշխարհագրության ընդլայնմանը:
Մասնավորապես. 
- 2007 թվականից սկսած գործում է <Սննդամթերքի անվտանգության մասին> ՀՀ նոր օրենքը, ընդունվել են <Սննդամթերքի անվտանգության մասին> ՀՀ օրենքից բխող և այդ ոլորտը կարգավորող մի շարք այլ ենթաօրենսդրական իրավական ակտեր՝ մասնավորապես` <Պետական վերահսկողություն իրականացնելու ընթացքում փորձաքննության համար նմուշառման կարգը սահմանելու մասին>, <Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը սահմանելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծերը և այլն: 
- 2008 թվականից գործում են <Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին> (ՀՕ-135-Ն) և <Անասնակերի մասին> (ՀՕ-118-Ն), իսկ 2009 թվականից <Օրգանական գյուղատնտեսության մասին> (ՀՕ-23-Ն) ՀՀ օրենքները և դրանց կիրարկումն ապահովող մի շարք նորմատիվ իրավական ակտեր, մասնավորապես՝ <Հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղիների գինենյութերի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը և գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները սահմանելու մասին>, <Հայկական կոնյակի ու բրենդիի սպիրտի և խաղողի օղու թորվածքի հնացման կարգը սահմանելու մասին>, <Հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման ժամկետները և կարգը սահմանելու մասին>, <Հայաստանի Հանրապետությունում արտադրված և ՀՀ ներկրված գինեգործական արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգը սահմանելու մասին>, <Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյանի և օրացուցային գրանցումների վարման կարգը սահմանելու մասին>, <Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշման և պիտակավորման կարգը հաստատելու մասին>, <Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանոթյան սերտիֆիկատի տրման կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ու օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդի համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին>, <Օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի և սահմանափակ թույլատրելի նյութերի, այդ թվում` պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման, բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի անվանացանկն ու կիրառման կարգը սահմանելու մասին>, <Օրգանական գյուղատնտեսության կազմակերպման, բույսերի և բուսական ծագման մթերքի, գյուղատնտեսական կենդանիների և անասնապահական ծագման մթերքի (ներառյալ մեղվաբուծական մթերքը) արտադրության, օրգանական եղանակով վերամշակման, փաթեթավորման, պահպանման, փախադրման և իրացման կարգը սահմանելու մասին>, <Օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանի տևողության, դրա կրճատման կամ երկարաձգման կարգը և տևողությունը սահմանելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծերը և այլն:
- 2010 թվականին մշակվել է <Օրգանական գյուղատնտեսության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> ՀՀ օրենքի, <Հայաստանի Հանրապետությունում թույլատրելի սննդային հավելումների ցանկը և դրանց օգտագործմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին>, <Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին> <Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին> և <Ձկնամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջներ սահմանելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծերը, որոնք գտնվում են ՀՀ Ազգային Ժողովի և ՀՀ կառավարության քննարկման փուլում: Մշակվել է <Հայաստանի Հանարապետությունում սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում> անվանումով հայտի նախագիծը, որը հավանության է արժանացել և կներառվի Սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավման և Եվրամիության պահանջներին համապատասխանեցման, վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման (Թվինինգ) ծրագրում:
2011 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում կմշակվի <Սննդամթերքի անվտանգության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագիծը և <Մարդու սպառման համար նախատեսված կենդանական ծագման մթերքի պաշտոնական վերահսկողության որոշակի կանոններ սահմանելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծը` Եվրոպական Պառլամենտի և Եվրոպական Խորհրդի 2004 թվականի ապրիլի 29-ի N 854/2004 կանոնակարգի հիման վրա: <Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին> ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակում կմշակվի <Գինեգործական արտադրանքին ներկայացվող պահանջների և թույլատրելի գինեգործական մեթոդների ու մշակումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին> և <Գինեգործական արտադրանքի մնացորդների, աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրելու նպատակով օգտագործված խաղողի և աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի քանակի հայտարարագրման կարգը սահմանելու մասին>, ինչպես նաև <Օրգանական գյուղատնտեսության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագծից բխող <Ներմուծվող օրգանական գյուղատնտեսության սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևը սահմանելու մասին> ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: 
Բացի այդ կմշակվի <Կենդանական ծագման մթերքի առանձնահատուկ կանոնների մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծը` Եվրոպական Պառլամենտի և Եվրոպական Խորհրդի 2004 թվականի ապրիլի 29-ի N 853/2004 կանոնակարգի հիման վրա, իսկ <Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության> նախագծի ընդունումից հետո կմշակվեն և կտեղայնացվեն ռազմավարության միջոցառումներով նախատեսված Եվրամիությունում գործող որոշ այլ կանոնակարգեր ու ընթացակարգեր:
Категория: Ագրովերամշակումը Հայաստանում | Добавил: admin
Просмотров: 832 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Անասնաբուծությունը Հայաստանում [1]
Բուսաբուծությունը Հայաստանում [1]
Ագրովերամշակումը Հայաստանում [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page