Թերթը գրում է, որ Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում գառան միսը դառնում է դեֆիցիտ, «ՍԱՍ», «Սթար» սուպերմարկետների ցանցում` ընդհանրապես չկա վաճառքում: Որոշ տեղերից հնարավոր է ձեռք բերել միայն նախապես պատվիրելու դեպքում: Այդպես է, օրինակ, Երեւանի «BEST» սուպերմարկետում, որտեղ գառան մսի մեկ կիլոգրամն արժե 4 հազար 500 դրամ, դրանից բացի`նախապես պետք է պատվիրել:
Այս ապրանքն արդեն այնքան թանկ է, որ վաճառողները զգուշանում են առանց երաշխավորված գնորդ ունենալու պահել խանութում, կարող է փչանալ ու մեծ նյութական վնաս պատճառել: Անցած տարվա դեկտեմբերի 9-ին «Սթար» սուպերմարկետների ցանցում գառան միսը վաճառվում էր 2 հազար 990 դրամով: Այսինքն` մեկ տարվա ընթացքում թանկացել է 1510 դրամով: Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանվել է 76 հազար գլուխ ոչխար:
|