Շիրակի մարզում մեկնարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության
«Սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում
Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի էլիտար սերմնացուի
բաշխման գործընթացը: Այս անգամ մարզ է ներկրվել 120 տոննա սերմնացու:
Մարզի` ծրագրում ընդգրկված բարձրադիր համայնքներին արդեն ամբողջությամբ
տրամադրվել է նախատեսված քանակը:
Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության
պետ Մովսես Մանուկյանը` ծրագրում ընդգրկված է 42 շահառու ութ համայնքից:
Յուրաքանչյուր շահառուի 1 հեկտարի տրամադրվում է 300 կիլոգրամ սերմնացու:
Այս անգամ մարզ է ներկրվել հացահատիկի սերմացուի միայն «Կրասնոդար 99»
տեսակը: «Սա բարձր որակի, փորձարկում անցած տեսակ է եւ լավ է հարմարվում
Շիրակի պայմաններին: Այս տեսակը անցած տարի եւս ներկրվել էր մարզ, բայց քիչ
քանակությամբ»,-նշեց Մ. Մանուկյանը:
Ի դեպ` այն տնտեսությունները, որոնք անցած տարի ընդգրկել էին ծրագրում
եւ ցանկություն են հայտնել այս տարի եւս դառնալ շահառու, կօգտվեն
սերմացուից` միայն մինչ այդ ստացած ծավալների վերադարձելիությունն
ապահովվելու դեպքում: Որպես պայման` բարձր
բերքատվություն ապահովելու համար սերմացուն տրամադրվում է այն ֆերմերային
տնտեսություններին, որոնք նախորդ տարի այդ հողատարածքներում հացազգի չեն
մշակել: Բացի այդ` սերմացուն տրամադրվում է 7 եւ ավելի հեկտար ունեցող
տնտեսություններին:
Խորհրդատվություն ՌԴ Հայաստան ներկրված ցորենի սորտերի նկարագրությունը>>
|