Հայաստանի հանրապետական կուսակցությունը նոր ծրագրեր է մշակել գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Աշտարակում ՀՀԿ տեղի ներկայացուցիչների հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վարչապետ Տրգրան Սարգսյանը նշեց, որ դրանց ուղղությամբ կներդրվեն ֆինանսական լուրջ միջոցներ: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ նախընտրական ծրագրով կշարունակվեն պարարտանյութի, սերմացուի եւ դիզվառելիքի սուբսիդավորման աշխատանքները, կխթանվի պարարտանյութի տեղական արտադրությունը:
«ՀՀ նախագահի հանձնարարությամբ վերջին երկու տարիներին գյուղատնտեսությունը դարձել է մեր գերակա ուղղություններից մեկը: Հաջողությամբ իրականացվեց սերմաբուծության ծրագիրը, որն էապես բարձրացրեց արտադրողականությունը: Այս ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ եւ մենք ամբողջությամբ բավարարելու ենք երկրի սերմացուի ողջ պահանջարկը, որը 27 հազար տոննա էե,-նշեց Տիգրան Սարգսյանը: Կավելացվեն նաեւ ներմուծվող սերմացուի տեսակները:
Անդրադառնալով գյուղտեխնիկայի հասանելիությանը' նա տեղեկացրեց, որ Հայաստանում պետք է ստեղծվեն լիզինգային ընկերություններ, որոնք էլ բելառուսական եւ ռուսական արտադրության գյուղտեխնիկան գյուղացիական կոոպերատիվներին կտրամադրեն լիզինգային տարբերակով:
Այս տարի գյուղացիական տնտեսություններին ըստ համայնքների հայտերի սուբսիդավորման միջոցով կտրամադրվի 20 հազար տոննա դիզվառելիք` բավականին ցածր ինքնարժեքով, որը գյուղատնտեսությամբ զբաղվելը կդարձնի ավելի արդյունավետ:
|