Մեղվի ընտանիքներին աշնանը և գարնանը շատ մեծ վնաս են հասցնում կրետները:
Կրետներն ապրում են ընտանիքներով, որոնց թվաքանակը զգալի չափով ավելանում է ամռան վերջին: Դա է պատճառը որ հարձակումները մեղուների վրա ավելի ինտենսիվ են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Ցուրտ եղանակին, կրետները մեղուներին հիմնական վնաս հասցնում են առավոտյան: Նրանք հեշտությամբ մտնում են փեթակի մեջ` աշխատելով չհանդիպել մեղուներին, անցնում են կողքի մեղրահացերի վրա, հափշտակում մեղրը և դուրս գալիս փեթակից:
Կրետները իրենց թրթուրներին կերակրում են միջատներով, այդ թվում մեղուներով:Երբեմն մեկ մեղվի վրա հարձակվում են 2-3 և ավելի կրետներ, խայթում են և մասնատում` առանձնացնելով գլուխը, կուրծքը և որովայնը, ապա հեշտությամբ մաս-մաս տանում բույնը:
Կրետներից ազատվելու համար խորհուրդ է տրվում մեղվանոցում դնել թակարդներ` այսինքն թափանցիկ շշեր, կիսով չափ լցված մեղրով քաղցրացրած ջրով: Այդպիսի շշերի մեջ մտնում են նաև մեղուները, որտեղ կրետների հետ սատկում են: Կրետներին ոչնչացնելու համար շատ լավ արդյունք է տալիս թունավորված գրավիչներ օգտագործելը: Այդպիսի գրավիչ պատրաստում են մսի լցոնի և թույնի խառնուրդից: Գրավիչը տեղադրում են շների, կատուների և այլ կենդանիների համար անհասանելի տեղերում: 1 կգ լցոնին բավական է խառնել 1գ թույն (մկնդեղ և այլն): Կրետները մեծ հաճույքով վերցնում են այդ խառնուրդը, տանում իրենց բույնը թունավորելով և իրենց և իրենց սերունդը:
Դիտարկումները ցույց են տալիս, որ եթե մեղվանոցում աշնանը և գարնանը չտարվի պայքար կրետների դեմ, մեղվի ընտանիքները շատ շուտ թուլանում են, իսկ թույլ ընտանիքները կորցնում են իրենց մեղրի զգալի մասը: