Մարդիկ մշտապես փորձում են գումար խնայել. ոմանք դա անում են քիչ ծախսելու, իսկ ոմանք էլ խարդախության միջոցով, սակայն ամերիկացի Հարին գտել է մի միջոց, որով կարելի է գումար խնայել՝ միևնույն ժամանակ նորմալ ծախսել ու զերծ մնալ խարդախությունից։ Ինչպես նշում է Oddity Central-ը, ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի 60-ամյա բնակիչն իր ծախսած յուրաքանչյուր դոլարի վրա կարմիր գրիչով նշում է իր հասցեն ու գրում, որ ինքը գումարի կարիք ունի և շատ կցանկանար, որպեսզի այս թղթադրամը ստացած մարդն այն հետ ուղարկեր։ Առաջին հայացքից սա կարող է անհեթեթ միտք թվալ, սակայն Հարիի խոսքով՝ իր ծախսած գումարի մի մասն իրականում վերադառնում է իրեն, քանի որ գտնվում են մարդիկ, ովքեր հետաքրքրությունից կամ կարեկցանքից դրդված որոշում են նշված հասցեով հետ ուղարկել գումարը։ Հարին նշել է, որ այս մեթոդն առավել արդյունավետ դարձնելու համար ինքը գրություններ է թողնում մասնավորապես 1 դոլարանոց թղթադրամների վրա, քանի որ մարդիկ դժվար թե համաձայնեն հետ ուղարկել 10, 20 կամ 100 դոլարանոց թղթադրամները։ Հնարամիտ ամերիկացին օրական միջինը 2 դոլար է հետ ստանում, ինչն ամսվա կտրվածքով կազմում է 60 դոլար։ Սակայն երբեմն այդ գումարը կարող է հասնել 100 դոլարի։ Հարին պատմել է, որ եղել են դեպքեր, երբ նա իր դոլարները հետ է ստացել անգամ Նիդեռլանդներից ու Ավստրալիայից։
|