«Հայկական պանիր» ընկերությունն ակտիվ աշխատանք է ծավալել ռուսական շուկա պանրի արտահանման ուղղությամբ, որի արդյունքում կնքվել է մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի արտահանման պայմանագիր: Ապրիլի 4-ին այս մասին նշեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը` տեղեկացնելով, որ պայմանագրով նախատեսված արտահանումը կիրականացվի առաջիկա տարիներին: 2011 թվականին Ռուսաստան է մատակարարվել 25 տոննա պանիր:
ԶՀԳ-ն եւ ՀՀ պանրագործների միությունն ապրիլի 4-ին երախտագիտություն հայտնեցին «Հայկական պանիր» ընկերության գործընկեր «Դուստր Մարիաննա» ընկերության մի շարք աշխատակիցների` արտադրական գործընթացին մասնագիտական նշանակալի ներդրում ունենալու համար եւ պատվոգրեր ու դրամական պարգեւներ հանձնեցին նրանց:
Հարությունյանի խոսքով` շարունակվում են աշխատանքներն ուղղված հայկական պանրի որակական հատկանիշների բարելավմանը եւ արտահանման խթանմանը: ««Հայկական պանիր» ընկերության առջեւ դրված խնդիրն է` ունենալ որակական արտադրանք, որն իրականացվում է հայկական պանիր արտադրող ընկերությունների շնորհիվ: Սա եւս հնարավոր դարձավ անցյալ տարի գործընկեր «Դուստր Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկության աշխատակիցների շնորհիվ»,- ասաց ԶՀԳ գլխավոր տնօրենը:
«Հայկական պանիր» ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին: Այն պետական-մասնավոր հատված համագործակցության արդյունք է` Զարգացման հայկական գործակալության եւ ՀՀ պանրագործների ասոցիացիայի մասնակցությամբ: