ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սեպտեմբերի 15-ին կառավարությունում ՀՀ նախագահի կողմից անցկացված խորհրդակցության ժամանակ բարձրացված գնումների գործընթացներում հայտնաբերված խնդիրներին վերաբերող հարցեր:
Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարեց լրջորեն հետեւել մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներում պետական գնումների ընթացակարգերին, ուշադրության կենտրոնում պահել բյուջետային գումարների արդյունավետ տնօրինման հարցերը, մասնավորապես` հետեւողական լինել մարզային առողջապահական հաստատություններում պետական գնումների գործընթացների` օրենքով սահմանված կարգով կազմակերպմանը:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը մարզպետներին ներկայացրեց գնումների գործընթացի կազմակերպման մասին ՀՀ կառավարության թիվ 168-Ն որոշման մեջ վերջերս կատարված լրացումները եւ փոփոխությունները: Պետական գնումների համակարգում կատարված վերջին փոփոխություններին ծանոթացնելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա շաբաթվա ընթացքում մարզպետարանների համապատասխան պատասխանատուների համար եւս սեմինար կազմակերպել:
Մարզպետների հետ քննարկվեցին 2013 թ. հունվարի 1-ից սոցիալական վճարների եւ եկամտահարկի մասով փոփոխությունների եւ նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում համայնքներում լրացուցիչ ֆինանսական ծախսերին վերաբերող հարցեր: Ա.Գեւորգյանը հանձնարարեց հաշվարկել ֆինանսական այդ պարտավորությունից առաջացող գումարների չափը` նշելով նաեւ դրանք վճարելու համար հնարավոր ֆինանսական աղբյուրները:
Խորհրդակցության օրակարգում էին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքին եւ չորրորդ փուլի նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Տեղեկություններ ներկայացվեց մարզերում դիզվառելիքի եւ պարարտանյութի բաշխման եւ գումարների հավաքագրման ընթացքի վերաբերյալ, քննարկվեցին աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր:
Օրակարգում էին նաեւ առաջիկայում նախատեսվող միջոցառումների կազմակերպչական հարցերը: Հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում տեղի կունենա Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը, որի շրջանակում ոլորտում ներգրավված բոլոր կողմերի մասնակցությամբ կքննարկվեն համայնքային զարգացման ամենահրատապ թեմաները:
Փոխվարչապետը կարեւորեց մարզերի ակտիվ մասնակցությունը այս համաժողովներին` առկա խնդիրները համատեղ քննարկելու, փոխգործակցության ծրագրերի ուրվագծման եւ իրականացման առումով:
Անդրադարձ եղավ նաեւ Տնտեսական մրցակցության պաշտապանության պետական հանձնաժողովի կողմից մանկապարտեզներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներին: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց ուսումնասիրել արձանագրված խնդիրները եւ միջոցներ ձեռնարկել սեղմ ժամկետներում դրանց վերացման ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ համայնքներում ներքին աուդիտի ստորաբաժանումների ստեղծման, անձնավորված հաշվարկը էլեկտրոնային եղանակով ապահովելու միջոցառումների ընթացքին, քաղծառայողների սոցիալական փաթեթների տրամադրման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ հարցեր: