Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012 ապրիլին նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.4%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազումը կազմել է 8.9%: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի մայիսի վերաֆինանսավորման արձանագրությունում: Ցորենի միջազգային գինն ապրիլի ընթացքում նվազել է 6.2%-ով, շաքարավազինը՝ 7%-ով, բրնձի միջազգային գինը ապրիլին ավելացել է 6.5%-ով՝ Ինդոնեզիայում տարվա հիմնական ցանքաշրջանում սպասվածից քիչ գնահատված բերքահավաքով: Բացի այդ, բրնձի շուկայում շարունակվում են պահպանվել անորոշությունները՝ Թայլանդում պետական մեխանիզմների կիրառման հետ կապված: Արդյունաբերական մետաղներից պղնձի գինը 2012թ. ապրիլին նվազել է 2.7%-ով, նավթի գինը՝ 3.5%ով: ԿԲ խորհրդի գնահատմամբ` պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ճնշումներ չեն ակնկալվում: