ՀՀ սպառողական շուկայում 2012 թվականի հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,
այս մասին հայտնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Այդ նույն
ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)
նվազել են 2.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և
ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների համապատասխանաբար
0.4% և 0.1% հավելաճ:
2012-ի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են
2.3 տոկոսով: Պարենային ապրանքները` ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ,
թանկացել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքները` 4.4%-ով, ծառայությունները`
2.3%-ով:
Հանրապետության բոլոր քաղաքներում 2012 թվականի հուլիսին հունիսի
համեմատ դիտվել է սպառողական գների 2.3-1.0 տոկոս նվազում: Մայրաքաղաքում
սպառողական գները նվազել են 1.5 տոկոսով: Ամենաբարձր գնանկումն արձանագրվել
է Թալին քաղաքում:
Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ 3.2 տոկոսով պարենային ապրանքների
գնանկում է նկատվել: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ.
հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 8.6%, իսկ 2012թ. հունիսի
համեմատ`24.4% գնանկում: Կաթնամթերքի ապրանքախմբում 2012թ. հուլիսին 2011թ.
հուլիսի համեմատ արձանագրվել է 0.4% գնաճ, իսկ 2012թ. հունիսի
համեմատ`0.9% գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. հուլիսին 2011թ.
հուլիսի համեմատ գրանցվել է 5.7%, իսկ 2012թ. հունիսի համեմատ`0.7% գնաճ:
Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4 գնաճ: 2012թ.
հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և
դիզելային վառելիքի համապատասխանաբար 2% և 1% գնանկում: 2012թ. հուլիսին
2011թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են
համապատասխանաբար 4.3% և 3.1%-ով:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրվել է
սակագների 0.1 տոկոս հավելաճ: Իրավական ու բանկային ծառայությունների
սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0.5%-ով,
իսկ բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի ծառայությունների
սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: armenpress.am
|