Հայաստանում ձկնաբուծական տնտեսությունները ձկներին կերակրում են ոչ թե հորմոնալ, այլ Եվրոպայից ներկրված հատուկ կերերով: «Արմենպրես»-ի
հաղորդմամբ` այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ
ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր
տնօրեն Արթուր Աթոյանը: «Ես կարող եմ երաշխավորել, որ ինչպես մեր
կազմակերպության անդամ, այնպես էլ այլ ձկնաբուծական տնտեսություններ,
հորմոնալ կերեր չեն օգտագործում: Պետական մակարդակով սահմանի վրա
համապատասխան միջոցառումներ են կիրառվում նման կերերի ներկրումն արգելելու
համար»,- ասաց կազմակերպության տնօրենը:
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում ձկանբուծությամբ զբաղվելու
թույլտվություն ունեն 234 տնտեսություններ, որոնցից շատերը ներկայում
տարբեր խնդիրների պատճառով չեն գործում: Հայ ձկնաբույծների խնդրանքով, մոտ
երկու ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով ստեղծված
միջգերատեսչական հանձնաժողովն աշխատանքներ է տանում ձկնաբուծական
տնտեսությունների առջև ծառացած խնդրիները լուծելու նպատակով:
Ձկանբուծարաններում առկա մի շարք խնդիրների քննարկման և դրանց վերացման
համար տարբեր առաջարկներով և խնդրանքներով կազմակերպությունն արդեն դիմել է
հանձնաժողովին: «Ներկայում քննարկման փուլում է գտնվում ջրի որակի
ստանդարտացման մասին օրինագիծը, համաձայն որի` ջրի ստանդարտացման
ժամկետները պետք է երկարացվեն»,- հայտնեց Աթոյանը:
Յուրաքանչյուր երեք տարին մեկ ձկնաբույծները պետք է նոր փաստաթղթեր
ներկայացնեն իրենց գործունեության մասին, ինչը, ձկնաբույծների միավորման
տնօրենի խոսքով, լուրջ խնդիր է տնտեսվարողների համար: «Եթե նախկինում
պահանջվում էր ընդամենը հինգ փաստաթուղթ, ապա այժմ դրանց թիվը հասել է
տասներեքի: Ձկանբույծն իր գործի մասնագետ է, իսկ այստեղ այլ մասնագիտական
եւ տեղեկատվական խնդիր կա»,- նշեց բանախոսը:
Արտահանման գործընթացում ևս խնդիրներ կան, մասնավորապես` Ռուսաստանի
Դաշնություն: «Ձկնաարտահանման ոլորտում մեր մրցակից պետությունները`
Թուրքիան և Նորվեգիան, ավելի ցածր գներով են առաջարկում իրենց արտադրանքը,
իսկ մենք Ռուսաստանից բացի այլ «արժեքավոր» շուկա չունենք»,- նկատում է
Արթուր Աթոյանը:
Հանձնաժողովն արդեն աշխատանքներ է տանում վերացնելու ոչ միայն այդ
խոչնդոտը, այլև պայմաններ ստեղծելու, որ հայկական ձկնամթերքներն արտահանվեն
նաև եվրոպական երկրներ: armenpress.am
|