Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության դեպարտանենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Վտանգների համատեղ նվազեցման ծրագրի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ-ի փոխդեսպան Բրյուս Դենի Հյուն, ՊՎՆԳ Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցության ծրագրի ղեկավար Լանս Բրուքսը, նախկին ԽՍՀՄ երկրներում նշված ծրագրի իրականացման բաժնի ղեկավար Ջեֆրի դ`Էմուրը, ծրագրի հայաստանյան համագործակցության ղեկավար Ալեքսանդր Շիլերը, ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Ռիձինսկին: Հանդիպման նպատակը ԱՄՆ և ՀՀ միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության վերաբերյալ Համաձայնագրի շրջանակներում Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի քննարկումն էր: Անդրադառնալով երկու երկրների միջև կնքված Համընդգրկուն Համաձայնագրով Հայաստանում իրականացվող կենսապահովության և կենսանվտանգության արդիականացման ծրագրի ընթացքին, կողմերը գոհունակությամբ արտահայտվեցին համագործակցության արդյունքների վերաբերյալ, պատրաստակամություն հայտնելով առաջիկայում նույնպես, ըստ ամենայնի, ապահովել Համաձայնագիրը կյանքի կոչելու բոլոր ծրագրերի և միջոցառումների իրականացումը: Խոսելով ծրագրից ակնկալվող առաջնահերթությունների մասին, նախարար Սերգո Կարապետյանը կարևորեց խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ իրակացվող միջոցառումների ծրագրի մշակման, համայնքային անասնաբույժների համար վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման վերապատրաստման դասընթացների կազմակերպման, լաբորատոր կարողությունների հզորացման և ախտորոշումների էլեկտրոնային համակարգի ստեղծման գործում ամերիկյան կողմի օժանդակությունը: Իրենց հերթին հյուրերը ներկայացրին թե բարձրացված, թե այլ խնդիրների ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերը, հավաստիացնելով, որ Կենսաբանության ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շնորհիվ առաջիկայում Հայաստանում կապահովվի հիվանդությունների հայտնաբերման, ախտորոշման, համաճարակաբանական հսկողության, հաղորդման և արձագանքման համակարգի կատարելագործումը, նոր`ավելի բարձր աստիճանի կբարձրացվեն կենսապահովության և կենսանվտանգության չափանիշները:
|