Բոլորովին վերջերս լրատվամիջոցներում աչքովս ընկավ բավական հետաքրքիր մի միջոցառում։ Բնապահպան ակտիվիստները մեղրի ու հատապտուղների աճուրդ էին կազմակերպել։ «Փրկենք Թեղուտ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները Թեղուտից բերել են Թեղուտի մեղրը և առանց միջնորդավճարների վաճառում էին Երևանում: «Մեղրի և հատապտուղների փառատոն» կոչվող այս միջոցառումը, ինչ խոսք, բավական գեղեցիկ էր։ Սակայն դա հենց այնպես, ուրախ ժամանց չէր։ Բնապահպանները, պարզվում է, ՀՀ տնտեսության և մասնավորապես, արտահանման փոփոխությունների սեփական մոդելն են մշակել։ Նրանք համոզված են, որ բնության բարիքներով ու հատկապես մեղրով հնարավոր է փոխարինել պղինձն ու երկաթը, որոնք ՀՀ արտահանման ողնաշարն են։ Ինչպես նշել էին կազմակերպիչները՝ սա այլընտրանքային բիզնես զարգացնելու առաջին նախադրյալն է: Ո՞րն է այս լավատեսության հիմքը։ Նշվում է, որ Հայաստանում մեղվաբուծության զարգացման համար կան բավական լավ նախադրյալներ, և դա հիմնականում պայմանավորված է Հայաստանում արտադրվող մեղրի համային ու որակական բացառիկ հատկանիշներով, բազմաթիվ բույսերից ստացված նեկտարի ու մեղրահումքի հանգամանքով: Մեր երկրի բազմատեսակ, ինչպես նաև վայրի հարուստ բուսականությունը հնարավորություն է տալիս ստանալ բարձրորակ մեղր: Մեղր արտադրելը տեխնոլոգիապես բարդ պրոցես չէ, մեծ ներդրումներ չի պահանջում։ Դրանով կարող է զբաղվել ցանկացած ոք։ Եվ վերջապես, քանի որ մեղրը թանկարժեք սննդամթերք է, ապա այն կարող է այնքան հասույթ ապահովել, որ փոխարինի հանքարդյունաբերությանը։ Առաջին հայացքից շատ տրամաբանական մոտեցում է։ Հետաքրքիր է արդեն նրանով, որ մեր բնապահպանները, հանքերի դեմ «չորով» պայքարելու փոխարեն, առաջարկում են տնտեսական այլընտրանք։ Կեղտոտ հանքանյութը մեղրով փոխարինելն, իհարկե, գայթակղիչ միտք է։ Սակայն որքանո՞վ է դա հիմնավորված։ Երբ փորձում ես գտնել այս հարցի պատասխանը, առաջանում են ավելի պարզ հարցեր, որոնց պատասխանը, սակայն, գտնել հնարավոր չէ։ Օրինակ՝ ամենապարզ և ամենակարևոր հարցը՝ քանի՞ մեղվաընտանիք կա Հայաստանում, և տարեկան որքա՞ն մեղր է արտադրվում մեր երկրում։ Թվերը խիստ հակասական են։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Հայաստանում այսօր հաշվվում է շուրջ 500 հազար մեղվաընտանիք, արտադրվում է 3,5-4 հազար տոննա մեղր: Մինչդեռ Հայաստանի Մեղվաբույծների ազգային միավորում ՀԿ նախագահ Թելման Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղվաընտանիքների թիվը Հայաստանում շուրջ 200 հազար է, իսկ տարեկան արտադրվում է մոտավորապես 1000 տոննա մեղր։ Կարճ ասած՝ ելակետային տվյալները վստահելի և բավարար չեն լուրջ վերլուծություն անելու համար։ Իսկ որքա՞ն մեղր է արտահանվել։ Այստեղ արդեն տվյալներ կարելի է գտնել։ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով՝ 2012 թվականին արտահանվել է ընդամենը 4.3 տոննա մեղր՝ 32.2 հազար դոլար մաքսային արժեքով (կգ-ը՝ 7.5 դոլար կամ 3000 դրամ)։ Նախորդ տարի՝ 2011-ին, արտահանվել է 18.1 տոննա մեղր։ Այսինքն՝ հայկական մեղրը գրեթե չի արտահանվում, ամբողջությամբ սպառվում է ներսում։ Ու ծնվում է ամենամեծ հարցը՝ ինչո՞ւ։ Չէ՞ որ մեր մեղրն ունի «աննկարագրելի որակական և համային հատկություններ»։ Մինչև հարցին պատասխանելը, նշենք, որ մեղրի ամենամեծ շուկան Եվրամիությունն է։ ԵՄ-ին հաջորդում են ԱՄՆ-ը, Ճապոնիան և մյուս երկրները։ Իսկ Հայաստանն իր չնչին քանակությունը գրեթե ամբողջությամբ արտահանում է Ռուսաստան։ Հետաքրքրվողների համար ավելացնենք նաև, որ մեղրի խոշորագույն մատակարարներն են Չինաստանը (39%), Արգենտինան, Կանադան, Բրազիլիան, Ուրուգվայը և Մեքսիկան։ Հիմա գալիս ենք ամենահետաքրքիր պահին։ Գիտե՞ք՝ ինչ գնով է Եվրոպան չինական մեղր գնում՝ 1 կիլոգրամը 2.3-2.4 դոլարով (շուրջ 1000 դրամ)։ Արգենտինական մեղրը վաճառվում է միջինը 3 դոլարով։ ԱՄՆ-ում չինական և այլ ծագման մեղրը վաճառվում է միջինը 3.5 դոլարով։ Այսինքն՝ մեղրի միջազգային գները 2-3 անգամ ցածր են հայաստանյան մեղրի գներից։
168.am
|