Այս տարին մեղրարտադրության, մեղուների բազմացման համար այնքան էլ բարենպաստ չէր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ ակնկալվում է այս տարի մոտ չորս հազար տոննա մեղր ստանալ, ինչը վերջին երկու-երեք տարիների համար վատ ցուցանիշ չէ, թեպետ, ընդհանուր առմամբ, տարին «միջակ» ցուցանիշներ է արձանագրել:
Նախորդ տարի ևս հանրապետությունում ստացվել է չորս հազար տոննա մեղր, իսկ վերջին տասը տարիների համեմատ 2012 թվականին մեղրարտադրությունը Հայաստանում աճել է 30 տոկոսով: Մեղվաբուծությամբ զբաղվում են հանրապետության բոլոր մարզերում, բայց համային առումով, հատկապես, առանձնանում է Վայոց Ձորի մեղրը: Ներքին շուկայում մեղրի գինն անփոփոխ է` 3000- 3500 դրամի սահմաններում: «Չեմ կարող հստակ ասել, թե ինչու մեղրի գինն այդպես կայուն է: Մեղվաբույծներն ինքնարժեքը սահմանում են 1500-1600 դրամ, իսկ վաճառքի գինը վերջին տասը տարիներին չի փոխվում: Մինչ այդ, ավելի ցածր գնով էր վաճառվում. մոտ 2500 դրամ էր»,- նշեց Աշոտ Հովհաննիսյանը;
Վարչության պետն առանձնահատուկ նշում է, որ որակական առումով հայկական մեղրը մեծ արժեք ունի և չի զիջում արտասահմանյանին: Համային հատկանիշներով նույնիսկ գերազանցում է, քանի որ, եթե Եվրոպայում սովորաբար մեղրի փեթակները տեղակայված են հիմնականում եգիպտացորենի կամ արևածաղկի դաշտերի մոտ, ապա մեր երկրում դրանք բազմազան և ծաղկաշատ վայրերում են գտնվում: Չնայած սրան, արտասահմանում, հատկապես, Եվրոպական երկրներում հայկական մեղրը մրցունակ չէ: «Եվրոպական երկրներում Թուրքիան և Չինաստանը բավական ցածր գնով` 2-2.5 եվրոյով են վաճառում մեղրը, այն էլ բավական մեծ քանակությամբ, իսկ մերը գրեթե եռակի թանկ է, բացի այդ հայկական մեղրը պարունակում է որոշակի նյութեր (նիտրատներ, անտիբիոտիկներ), որոնք եվրոպական չափանիշներին համապատասխան չեն»,- ասում է Աշոտ Հովհաննիսյանը:
Գյուղատնտեսության նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկում հայկական մեղրը Եվրոպա արտահանելու ուղղությամբ, իսկ մինչ եվրոպական շուկա դուրս գալը մեղրը պետք է լաբորատորիաներում համապատասխան փորձաքննություն անցնի: Ներկայում հայկական մեղրն արտահանվում է միայն Ռուսաստանի Դաշնություն, այն էլ փոքր քանակությամբ` տարեկան մինչև մի քանի հարյուր կիլոգրամ: