Главная » 2012»Փետրվար»2 » Գյուղացին կապահովվի ազոտական պարարտանյութով և դիզելային վառելիքով
5:42 PM
Գյուղացին կապահովվի ազոտական պարարտանյութով և դիզելային վառելիքով
ՀՀ կառավարությունը որոշել է պետական աջակցության ծրագրով երկրի հողօգտագործողներին մատչելի գնով տրամադրելու համար ներմուծված ազոտական պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 163 մլն դրամ։ Նախատեսված է պարարտանյութն ըստ մարզերի բաշխել հաշվի առնելով վերջին երեք տարում կատարված ցանքի և մշակվող բազմամյա տնկարկների տարածության միջին ցուցանիշը։ Կառավարության մշակած սուբսիդավորման մեխանիզմի շնորհիվ ներկայիս 8 հազար դրամի փոխարեն մեկ պարկ ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին կվաճառվի 6 հազար դրամով։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է երկրի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման պետական ծրագիրը, որի իրականացման համար 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 327 մլն 914 հազար դրամ։ Այդ գումարը որպես սուբսիդիա պայմանագրային հիմունքով տրամադրվելու է «Ֆլեշե ՍՊԸ-ին` ծրագիրն իրականացնելու, 12 հազար 600 տոննա դիզելային վառելանյութ մատակարարելու համար։ Մինչև 2012 թ. մարտի 20-ը վառելիքը ՀՀ մարզերի հողօգտագործողներին կվաճառվի մեկ լիտրը 350 դրամով, որը 90 դրամով պակաս է շուկայական գնից։