Անցած տարի Հայաստանի տնտեսության համար որոշակի առաջընթաց գրանցվեց հատկապես արդյունաբերության ոլորտում, որտեղ ունեցանք 999 մլրդ դրամի արդյունաբերական ապրանքների ծավալ, ինչը համախառն ներքին արդյունքի մեջ 26 տոկոսով ավելի է:
Փետրվարի 6 –ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով` գյուղատնտեսությունն անցած տարի նույնպես 14,1 տոկոս աճ է գրանցել:
«Ցավոք, շինարարության ծավալները գնալով նվազում են, եւ դա բնական պետք է համարել, քանի որ այդ պարագայում հիմնական գործունեությունը պայմանավորված է դրսից եկած տրանսֆերներով»,-ասաց նա: Խոսելով հարկային եկամուտների մասին, Սաֆարյանը նշեց, որ նախորդ տարի ապահովվել են 848 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը նախատեսվածից պակաս էր 4,4 մլրդ դրամով, իսկ հարկերը եւ տուրքերը, որոնք նախատեսված էին 650 մլրդի չափով, գերակատարվել են:
«Ինչ վերաբերում է մակրոտնտեսական այն ցուցանիշներին, որոնք պայմանավորված են հարկային քաղաքականությամբ, ցավով պետք է նշեմ, որ դարձյալ մեր հարկային մուտքերում գերակշիռ մասը կազմում են անուղղակի հարկերը: Եթե վերցնենք ուղղակի հարկերը, ապա ամբողջ հարկային մուտքերի մեջ դրանք 21,1 տոկոս են կազմում, որտեղ շահութահարկը 11.5 տոկոս է , իսկ եկամտահարկը` 9.6 տոկոս»,-ասաց Սաֆարյանը: