Խաղողի քացախը դեռ 2000 տարի առաջ հայտնի էր որպես սննդարար ու առողջարար սննդատեսակ: Նորագույն բժշկության բնագավառում բազմաթիվ գրքեր են գրվել հատկապես խնձորի քացախի բուժիչ հատկությունների մասին: Հայաստանում եւս քացախը վաղուց հայտնի է, թեեւ, որքան տեղյակ ենք` հատուկ ուսումնասիրություններ այս ոլորտում չեն իրականացվել:
Հայաստանում լայն տարածում ունեն եւ խնձորի, եւ խաղողի քացախները, սակայն հայտնի են քացախի պատրաստման այլ եղանակներ եւս (օրինակ` քիմիական եղանակով):
Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը մի տարօրինակ փաստ է արձանագրում: Հայաստանը 2011 թ. ներմուծել է 57.9 հազ. լիտր քացախ կամ նրա փոխարինիչ, արտահանելով ընդամենը 1.5 հազ. լիտր: Թե ինչու է Հայաստանը այդքան մեծ քանակությամբ քացախ ներմուծում` հայտնի չէ, քանի որ քացախը արդյունաբերական նշանակություն չունի: Այնուամենայնիվ` տեղական խանութները լցված են ռուսական, իտալական ու իսպանական ծագմամբ քացախներով` տարբեր գնային միջակայքերում: Նշենք, որ Ռուսաստանում մի քանի տասնյակ գործարան կա, որոնց հիմնական արտադրատեսակը քացախն է:
Սակայն Ռուսաստանում նախապատվությունը տալիս են խաղողի քացախին, որի արտադրության համար կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ:
Ամերիկացիներն, ընդհակառակը, գերադասում են խնձորի քացախը, ու ընդհանրապես` ամբողջ աշխարհում ամերիկյան գիտնականները հանդիսանում են խնձորի քացախի օգտակարության հիմնական քարոզիչները (բազմաթիվ լեզուներով են թարգմանվել Պոլ Բրեգի կամ Դ. Ջարվիսի աշխատությունները):
Իհարկե` ոչ ոք չի վիճարկում արտասահմանյան ծագմամբ քացախներ օգտագործելու մեր տնային տնտեսուհիների իրավունքը, սակայն ունենալով քացախի պատրաստման բավականաչափ հումք` եւ խաղող, եւ խնձոր, պետք է որ կարողանայինք պատշաճ մակարդակի հասցնել նաեւ քացախի արտադրությունը: Մենք ի վիճակի ենք ոչ միայն ամբողջովին բավարարել տեղական շուկան, այլեւ արտահանել:
Հայաստանում մեզ հայտնի է քացախ արտադրող 2 գործարան` Արզաքանում գտնվող «Ա.Ս.Ա. Խանջյաններե ընկերության գործարանը, եւ Մրգանուշի գինու-կոնյակի գործարանը: Ընդ որում` Արզաքանի գործարանի «Արեւաշողե քացախը արտադրվում է ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսի մեթոդով, եւ համեմատաբար թանկ արժե (կես լիտր շշով քացախը խանութներում վաճառվում է մոտ 1000 դրամով):
Բացի գործարանային արտադրանքից` Հայաստանում մեծ տարածում ունեն տնային պայմաններում պատրաստվող քացախները: Գրեթե յուրաքանչյուր խանութում կամ շուկայում կարելի է տնայնագործական քացախ գտնել: Թե որքանով դրանք համապատասխանում են սանիտարական նորմերին` դժվար է միանշանակ գնահատել: Նշենք, որ եթե քացախ պատրաստելիս խնձորի փչացած կամ որդնած մասերը չհեռացվեն, ապա քացախում դրանք քաղցկեղածին մանրէներ կառաջացնեն:
Սամվել Ավագյան
|