Հայաստանից 2011 թ. արտահանվել է 18.1 տոննա մեղր` 111 հազ. դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: 2010 թ. համեմատ մեղրի արտահանումն ավելացել է գրեթե 2 անգամ (անցյալ տարի արտահանվել էր մոտ 9.8 տոննա):
Սակայն արտահանվող մեղրի մաքսային արժեքը 2010 թ. համեմատ նվազել է: Այսպես` 1 կգ մեղրի արտահանման մաքսային արժեքը կազմել է 6.1 դոլար (մոտ 2300 դրամ)` 2010 թ. 8.3 դոլարի (մոտ 3100 դրամ) համեմատ:
Արտահանման աճին զուգահեռ` ավելացել են նաեւ ներմուծվող մեղրի ծավալները: 2011 թ. Հայաստանը ներմուծել է 2.4 տոննա մեղր` նախորդ տարվա 1.7 տոննայի համեմատ: Մեղրը 2011 թ. ներմուծվել է 1 կգ-ը 9.6 դոլարով (մոտ 3500 դրամ), նախորդ տարվա 8.5 դոլարի (մոտ 3100 դրամ) համեմատ:
Հայկական մեղրը հիմնականում արտահանվում է Եվրամիության երկրներ:
Նշենք, որ մեղրի համաշխարհային շրջանառությունը գնահատվում է տարեկան մոտ 1 մլրդ դոլար: Աշխարհում արտադրվում է տարեկան մոտ 1.4 մլն տոննա մեղր, որից 400 հազ. տոննան հանվում է միջազգային շուկա:
Ամենաշատը մեղր ներմուծում են ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, իսկ ամենախոշոր արտահանողները Չինաստանն ու Արգենտինան են (այս 2 երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտահանման 40 %-ը): Նշենք սակայն, որ վերջին տարիներին ԵՄ-ն ու ԱՄՆ-ը խոչընդոտներ են հարուցում Չինաստանից ու Արգենտինայից մեղրի ներմուծման դեմ` ֆիտոսանիտարիայի պահանջները չբավարարելու պատճառաբանությամբ: ԱՄՆ-ը ընդհանրապես արգելել է Չինաստանից մեղրի ներմուծումը, իսկ Եվրոպա չինական մեղրի արտահանումը նվազել է մոտ 3 անգամ (ներկայում կազմում է տարեկան մոտ 10 հազ. տոննա): Այս պարագայում, անշուշտ, հայկական մեղրի հեռանկարներն աճում են, սակայն Հայաստանում զարգացած չէ, այսպես կոչված, մեղրի արդյունաբերական արտադրությունը: Ընդունված է, որ միջազգային շուկա հանվող մեղրի 1 ստանդարտ կոնտեյները պետք է պարունակի մոտ 18 տոննա մեղր, սակայն հայկական արտահանողներից որեւէ մեկը տվյալ պահին այդպիսի ծավալներ ապահովել չի կարող:
Ընդհանուր առմամբ` համարյա բոլոր զարգացած երկրները ունեն մեղրի պահանջարկ: ԱՄՆ-ը ներմուծում է անհրաժեշտ մեղրի մոտ 60 %-ը, ԵՄ-ն` 50 %-ը: Սակայն եթե նախորդ տարիներին համարվում էր, որ մեղրի համաշխարհային շուկան գերհագեցած է, ապա ներկայում ավելի շատ խոսվում է մեղրի դեֆիցիտի մասին: Դա կապված է ինչպես այլ մթերքների թանկացման պատճառով մեղրի նկատմամբ պահանջարկի աճի, այնպես էլ ԵՄ երկրներում մեղվաընտանիքների թվի նվազման հետ: Իսկ այս հանգամանքը որոշ նախադրյալներ է ստեղծում Հայաստանից մեղրի արտահանման աճն ապահովելու համար:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների`Հայաստանում առկա է 500 հազ. մեղվաընտանիք, տարեկան արտադրում ենք մոտ 5 հազ. տոննա մեղր:
Սամվել Ավագյան
|