Ըստ պաշտոնական վիճակագրության` հայաստանցիները 2011 թ. սպառել են 48 հազ. տոննա տավարի միս, 10.5 հազ. տոննա խոզի միս, 44 հազ. տոննա հավի միս եւ 8 հազ. տոննա ձուկ: Ընդհանոր առմամբ` սպառվել է 110.5 հազ. տոննա միս (ոչխարի մսի սպառման վերաբերյալ տեղեկատվություն չկա, սակայն սպառումը մեծ ծավալներ չի կազմել):
Այսպիսով` յուրաքանչյուր հայաստանցի (2.8 մլն մարդու հաշվով) տարեկան սպառում է 38-40 կգ միս, կամ ամսական` 3.2-3.3 կգ: Շա՞տ է դա, թե՞ քիչ: Ըստ նվազագույն սպառողական զամբյուղի հիմքում դրված նորմատիվների` յուրաքանչյուր անձ օրական պետք է սպառի նվազագույնը 100 գրամ մսեղեն, որը տարեկան կազմում է 36.5 կգ:
Այսպիսով` հայաստանցիների մոտ մսեղենի սպառումը մոտավորապես գտնվում է նվազագույն անհրաժեշտ մակարդակում (մի փոքր գերազանցում է):
Նշենք, որ այլ երկրներում մսի սպառումը շատ ավելի է, թեեւ սպառման կառուցվածքը կարող է էապես տարբերվել: Օրինակ` ճապոնացիները ավելի շատ ձուկ են օգտագործում, քան բոլոր մյուս մսեղենները միասին վերցրած, Եվրամիությունում նախապատվությունը տալիս են խոզի մսին, Հարավային Ամերիկայում` տավարի մսին, իսկ ԱՄՆ-ում` հավի մսին:
Հայաստանում սպառվող մսի մոտ 80 տոկոսը տավարի կամ հավի միս է: Մեկ շնչի հաշվով Հայաստանը սպառում է տարեկան 17.1 կգ տավարի, 15.7 կգ` հավի եւ 3.7 կգ խոզի միս:
Այլ երկրներում հետեւյալ պատկերն է: Ռուսաստանը 2011 թ. 1 շնչի հաշվով սպառել է 54.7 կգ միս, որից 20 կգ` խոզի, 18.1 կգ` հավի եւ 16.6 կգ` տավարի միս: Եվրամիությունում 1 շնչի հաշվով տարեկան սպառումը 82 կգ է, որից` 45 կգ` խոզի միս, 18 կգ` տավարի միս, 17 կգ` հավի միս:
Ամերիկացիներն աշխարհի ամենամսակեր երկիրն են` 1 շնչի հաշվով մսի սպառումը մոտ 118 կգ է, որից 46 կգ` հավի, 44 կգ` տավարի, եւ 28 կգ` խոզի:
|