2012թ. մայիսի 12-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Դաֆինա Գեռչևան և արգենտինահայ ճանաչված գործարար պրն. Էդուարդո Էրնեկյանը համաձայնագիր են ստորագրել «Հայկական գյուղի վերածնունդ. զբաղվածության ապահովում և եկամուտների ստեղծում» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով, ասված է ՄԱԶԾ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Ծրագրի ընդհանուր արժեքն է 230.000 ԱՄՆ դոլար, որից 204.000 ԱՄՆ դոլարը կհատկացվի «Ֆրութֆուլ Արմենիա»-ի, իսկ 26.000 ԱՄՆ դոլարը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից: Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան գյուղական համայնքների գյուղատնտեսական արտադրողականության ցածր և աղքատության բարձր մակարդակների պատճառներն են ոռոգման և ջրամատակարարման ցանցերի վատ վիճակը, ինչպես նաև գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների բացակայությունը:
«Հայկական գյուղի վերածնունդ. զբաղվածության ապահովում և եկամուտների ստեղծում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նշված համայնքների 2012-2014թթ. զարգացման ծրագրերի մասնակցային (համայնքների բնակչության ակտիվ մասնակցությամբ) մշակման միջոցով բացահայտել համայնքների առաջնահերթ հիմնախնդիրները և տալ դրանց լուծման արդյունավետ ուղիները: Համայնքների կարիքները, մարտահրավերները և զարգացման հնարավորությունները հասցեագրելու լավագույն միջոցը կայուն զարգացման երեք հիմնասյուների (սոցիալական, տնտեսական և բնապահպանական) վրա խարսխված ամբողջական գործողություններն են, որոնք խթանում են ապակենտրոնացումը և տեղական արդյունավետ կառավարումը:
Այսօր, տկն. Դաֆինա Գեռչևան և պրն. Էդուարդո Էրնեկյանն այցելեցին Արտամետ համայնք, որտեղ ՄԱԶԾ-ն արդեն նախաձեռնել է ծրագրի առաջին փուլը` համայնքային զարգացման ծրագրերի մշակման գործընթացը: Արդեն իսկ պատրաստ է Արտամետ համայնքի 2012-2014թթ. զարգացման ծրագրի նախնական տարբերակը, ըստ որի համայնքային առաջնահերթ հիմնախնդիրներ են համարվել խմելու ջրամատակարարման անբավարար մակարդակը, տնամերձ հողամասեր ոռոգման ջրի հասանելիության ցածր մակարդակը, և գյուղատնտեսական գործունեության արդյունավետության ցածր մակարդակը: Առաջնահերթ հիմնախնդիրների լուծման համար, համայնքի զարգացման ծրագրի շրջանակներում, առաջարկվել են հետևյալ ծրագրերի իրականացումը` Արտամետ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում, խորքային հորի հիմնանորոգում, և ջերմատների կառուցում: «Զարգացման մարտահրավերները, ինչպիսիք են աղքատության նվազեցումը, տարածքային անհամաչափությունները, սոցիալ-տնտեսական անհավասարությունները և կայուն զարգացման խթանումը, բարդ և բազմաոլորտային են և գործընկերային մոտեցումներ են պահանջվում դրանց լուծումներ տալու համար: Համագործակցելով Ֆրութֆուլ Արմենիա-ի հետ, մենք հավատում ենք, որ կարող ենք դրական փոփոխություններ իրականացնել: Տեղական կայուն զարգացման խթանումը, որոշումների կայացման գործընթացում համայնքների ներգրավվումը, առաջնահերթություններ են ՄԱԶԾ-ի օրակարգում», - ասաց Դաֆինա Գեռչևան:
|