Главная » 2012»Հունիս»8 » Հայաստանից պտուղ- բանջարեղենի արտահանման ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը
5:17 PM
Հայաստանից պտուղ- բանջարեղենի արտահանման ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը
Ծիրանի արտահանման գործընթացի նախաշեմին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել հանրապետությունից թարմ պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչներին: <<Անցյալ տարի շատ լավ կազմակերպվեց արտահանման գործընթացը, ինչը նպաստեց ինչպես մեր տնտեսության առաջընթացին, այնպես էլ տեղերից ստացվող դժգոհությունների նվազմանը: Պետությունը խրախուսում է արտահանումը, հատկապես միջազգային շուկայում հետաքրքրություն ներկայացնող ապրանքների դեպքում, ինչպիսին ծիրանն է: Բոլոր պայմանները ստեղծված են արտահանման հետ կապված խոչընդոտները բացառելու, գործընթացի մատչելիությունն ապահովելու համար, հարկային դաշտն ազատ է: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծիրանի ու առհասարակ պտուղ – բանջարեղենի արտահանումն իրականացվի ժամանակին ու անկորուստ: Հետևողական աշխատանքների շնորհիվ կառավարութունը նպաստելու է արտահանման ծավալների մեծացմանը>>, -նշեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը, լսելով նաև պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչների առաջարկները: Վերջիններս իրենց հերթին հավաստիացրին, որ մթերման գները լինելու են խելամիտ, կողմերի համար փոխշահավետ, վճարումները կատարվելու են կազմակերպված և ժամանակին: Նշվեց, որ ըստ թարմ պտուղ – բանջարեղենի արտահանման ծավալների մոնիթորինգի, ընթացիկ տարում նախատեսվող արտահանումները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը: Ի դեպ, այսօրվա դրությամբ 1746 տոննա թարմ պտուղ- բանջարեղենի արտահանման ցուցանիշը նույնպես զգալիորեն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: