Հայկական կոնյակի ու հայկական կոնյակի սպիրտների նկատմամբ կսահմանվեն անվտանգության եւ ֆիզիկաքիմիական լրացուցիչ ցուցանիշներ, իսկ որոշ ցուցանիշներ կհամապատասխանեցվեն Եվրամիության, Ռուսաստանի դաշնության եւ ԱՊՀ-ի այլ երկրներում ընդունված պահանջներին: ՀՀ կառավարությունն այսօր` հուլիսի 12-ին որոշում ընդունեց փոփոխություններ կատարել 2006 թ. ընդունված «Հայկական կոնյակների եւ հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման մեջ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տեղեկանքով` հայկական կոնյակները եւ հայկական կոնյակի սպիրտները Հայաստանից արտահանվող արտադրանքի հիմնական տեսակներից են եւ ծավալային աճի մեծ ներուժ ունեն։ Տեխնիկական կանոնակարգի փոփոխություններով սահմանվում են միասնական, միջազգային պրակտիկայում ընդունված չափորոշիչներ, ինչը կնպաստի կոնյակի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը։