Հայաստանում ժամանակակից այգեգործության ներդրման, թարմ մրգի և ընկուզեղենի արտահանման, հայկական մրգի համբավն ու բարի անունը տարածաշրջանային և միջազգային շուկայում ներկայացնելու նպատակով կառավարությունը 2011 թ. նոյեմբերին ստեղծել էր «Հայկական միրգե ԲԲԸ։ Այժմ որոշում է ընդունվել ընկերությանը հանձնել համապատասխան տարածք և հող` իբրև նախորդ որոշմամբ սահմանված ներդրումների ապահովում։ «Սա կարևոր ծրագիր է, որից մենք լուրջ արդյունքներ ենք ակնկալում հայկական այգիների արտադրողականության աճի առումով, որովհետև առաջին անգամ ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվելու, որ մեկ հեկտարից ավելի շատ պտուղ կարողանանք ստանալ։ Այնպես որ, այս փորձը պետք է տարածենք գյուղատնտեսական բոլոր ոլորտներումե, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մեկ այլ որոշմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի, ինչի շնորհիվ կմեծանա համալսարանի ձեռնարկատիրական գործունեության արդյունավետությունը, կներգրավվեն արտաքին ներդրողներ։ Փաստորեն մեր երկրում փորձ է արվում ստեղծել արևմտյան տիպի առաջին հետազոտական համալսարանը։ Կառավարության որոշմամբ «Երվերելակ» ՓԲԸ բաժնետոմսերը կմասնավորեցվեն դասական աճուրդով։ Այս ընկերությունը մասնավորեցման է ներկայացվում առաջին անգամ։ Բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմել է 257 մլն 809 հազար դրամ, գնահատված պարտավորությունները` 3 մլն 772 հազար 200 դրամ։ Ակնկալվում է ընկերության մասնավորեցման ճանապարհով վերականգնել դրա կանոնավոր գործունեությունը, ավելացնել պետբյուջեի մուտքերը։Իր նիստում կառավարությունը «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ին թույլատրել է իրեն պատկանող Անի N1 պոմպակայանով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց` գույքն ամրացնելով ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին։ Նշված պոմպակայանը, որը կառուցվել է 1970-ական թվականներին և 1989 թվականից չի շահագործվում, քայքայվել է և թալանվել։ Որոշումը միտված է պոմպակայանի հիմնանորոգմանը և գործարկմանը, ինչի շնորհիվ կկազմակերպվի Գետքի գյուղական համայնքի ցանքատարածությունների արհեստական ոռոգումը։
|