Главная » 2012»Հուլիս»14 » Շիրակը պատրաստվում է հոլանդական նոր երինջներ ներկրել
4:52 PM
Շիրակը պատրաստվում է հոլանդական նոր երինջներ ներկրել
Հոլանդիայից ներկրված երինջները հարմարվում են Շիրակի պայմաններին: Երինջների ներկրումն իրականացվում է պետական ծրագրով՝ սկսած 2010 թվականից: Այս տարի մարզում կա երկու տնտեսություն, որտեղ պահում են ներկրած անասուններին՝ 6 գլուխ Հացիկում եւ 14-ը Ազատանում: Նրանք մսուրում պահվող եւ բավական մեծ խնամք պահանջող կենդանիներ են: Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, երինջները հարմարվել են պայմաններին, նրանց վիճակը բավականին լավ է: Ծրագրի արդյունավետությունը տեսանելի կլինի ավելի ուշ՝ աշնանը, կամ նույնիսկ հաջորդ գարուն, երբ երինջներն արդեն նոր սերունդ կտան: Այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել նաեւ կաթի ծավալների մասին:
«Եթե համեմատում ենք մեր կովկասյան գորշ տեսակի հետ, որը կիսալեռնային պահվածքի անասուն է, Հոլանդիայից ներկրված երինջները միայն մսուրային պահվածքի են` կերի մեծ ծավալներով: Մինչ արդյունքների տեսանելի լինելը մարզը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է ներկայացրել նոր երինջներ ներկրելու 98 նոր հայտ: Ներկրվելու դեպքում դրանք կտրամադրվեն միայն այն տնտեսություններին, որոնք ունեն համապատասխան պայմաններ»,- նշեց Մանուկյանը: