Աղբի վերամշակման տարբերակը կյանքի է կոչվում նաեւ Գյումրիում: Արդեն մի քանի ամիս է` Գյումրիում կենցաղային աղբը թափվում է ոչ թե քաղաքային աղբանոցում, այլ տեղափոխվում է քաղաքապետարանի կողմից հատկացված նախկին ավտոբուսային ձեռնարկության հարակից տարածք, որտեղ եւ այն տեսակավորվում եւ հատուկ սարքի օգնությամբ խտացվում է, որից հետո տեղափոխվում Երեւան՝ աղբի վերամշակման ընկերություն: Քաղաքում միջինը օրական տեսակավորվում եւ խտացվում է 40 տոննա աղբ: Գյումրիում աղբի տեսակավորում իրականցվում է <Քլին Լենդ> ՍՊԸ-ի Գյումրու մասնաճյուղի կողմից: Ինչպես տեղեկացրեց մասնաճյուղի ղեկավար Մխիթար Սահակյանը, «Քլին Լենդե-ը նոր ծրագրեր եւ նպատակներ ունի նաեւ հաջորդ տարի: Աշխատանքերի հաջող ընթացքի դեպքում, նախատեսվում է Գյումրիում հիմնել աղբի այրման կայան: Այս ընկերության գործունեությունը կրկնակի շահեկան է. ընկերությունը ստանում է շահույթ, քաղաքը մաքուր աղբամաններ, աղբ տեղափոխող մեքենաների վառելիքի տնտեսում եւ նոր աշխատատեղեր: Ներկայում ընկերությունում աշխատում է 45 մարդ: Ամռանը, ըստ Մխիթար Սահակյանի, այդ թիվը կավելանա:
|