Նոյեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Նորաշեն համայնք էին այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հաթին, ՙԳյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը:
Այցելության նպատակը ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության՚ վարկային ծրագրի շրջանակներում Նորաշենում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվի գործունեությանը ծանոթանալն էր: Կոոպերատիվի անդամների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Վարկային այս ծրագրի նպատակն անասնապահական ուղղվածություն ունեցող բարձր լեռնային եւ սահմանամերձ համայնքներին աջակցելն է: Այն իրականացվում է ՀՀ 6 մարզերի (Արագածոտն, Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք) 55 համայնքներում: Նորաշենը առաջիններից է, որ ներգրավվել է ծրագրի շրջանակներում իրականացվող արոտօգտագործման եւ կերարտադրության վրա հիմնված անասնապահական մթերքների արտադրության արդյունավետ եւ կայուն համակարգ ստեղծելու աշխատանքներում:
Դիմելով նորաշենցիներին, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հարցրեց. ՙՁեր կամքո՞վ եք դարձել կոոպերատիվի անդամներ,- եւ դահլիճից առարկություններ չլսելով` շարունակեց,- Որպեսզի հասնենք արդյունքների, պետք է միավորվենք կոնկրետ նպատակի շուրջ: Իսկ պետության նպատակը մեկն է` ավելացնել ձեր եկամուտները՚: Այնուհետև նախարարը ներկայացրեց նպատակի իրականացման քայլերը եւ ակնկալվող արդյունքները` ավելացնել անասնապահության արտադրողականությունը, ներառյալ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների կաթնատվությունը եւ մսատվությունը, բարձրացնել արտովայրերի օգտագործման արդյունավետությունը, մեծացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները անասնապահությունից, բարելավել արոտավայրերի վիճակը, ներդնել եւ տարածել գյուղատնտեսական նոր արտադրատեսակներ եւ տեխնոլոգիաներ, թիրախային համայնքներում ընդլայնել մատուցվող խորհրդատվությունը:
Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը նշեց, որ միջազգային փորձագետների կողմից մշակված այս ծրագիրն իրականացվել և ապացուցել է իր օգտակարությունը աշխարհի շատ երկրներում: ՙԱյնպես որ, ծրագրի հաջողությունը կախված է ձեզնից եւ մեր համատեղ աշխատանքներից: Ու քանի որ դուք առաջին համայնքներից եք, որ ներգրավվեցիք այս ծրագրում, ուրեմն առաջինն էլ օգտվելու եք արդյունքներից՚,- հավելեց նա:
Ի դեպ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով հեռանկարային այս ծրագիրն ընդլայնվելու է` ներառելով լեռնային այլ համայնքներ: