ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ 1988թ. ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանի ամենաաղքատ համայնքներից մեկում' Ամասիայում, բացվեցին համայնքի մանկապարտեզի եւ առողջության կենտրոնի հիմնանորոգված շենքերը: Վարչապետը շրջեց հաստատություններով, ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Ամասիայի մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունելու 60 երեխայի, շենքի հիմնանորոգումը իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ: Առաջին հարկում տեղակայված են մանկապարտեզի վարչական հատվածները, նաեւ բուժկետը, խաղասենյակը, հավաքատեղին, համակարգչային սենյակը, երկրորդ հարկն ամբողջությամբ նախատեսված է մանկապատեզի երկու երեսուն հոգանոց խմբերի համար, որոնցից յուրաքանչյուրն ունի ննջարան, խաղասենյակ, հանդերձարան, սանհանգույց, երկրորդ հարկում տեղակայված է նաեւ ութսուն հոգու համար նախատեսված հանդիսությունների դահլիճ, որը կարող է օգտագործվել նաեւ համայնքային նշանակության հանդիսավոր իրադարձությունների համար: Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքն է 100 միլիոն դրամ: Ամասիայի առողջության կենտրոնը սպասարկում է համայնքի եւ նրան հարակից բնակավայրերի շուրջ 9 հազար բնակչի: Կենտրոնն ունի ծննդատուն, պոլիկլինիկա եւ շտապօգնության ծառայություն, որոնք համալրված են անհրաժեշտ բուժսարքավորումներով: Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 88 միլիոն դրամ է:
|