Հայաստանաբնակ երեխաների 3.7 տոկոսը ծայրահեղ աղքատ է, իսկ ընդհանուր առմամբ մանկական աղքատությունը 41.4 տոկոս է: Ինչ վերաբերում է ընդհանուր բնակչության աղքատությանը, ապա այն 35.8 տոկոս է: Այս մասին երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:
Ներկայացնելով աղքատության խնդիրը պետական աջակցության տեսանկյունից, վարչության պետը նշեց, որ ընտանեկան նպաստի հասցեականության հարցը շարունակում է մնալ օրակարգային, այն է` ինչպե՞ս անել, որպեսզի նպաստները հասնեն հենց աղքատ ընտանիքներին:
Ըստ Ա.Մինասյանի, վերջին տարիներին տեղի է ունեցել գործիքակազմի փոփոխություն, բայց դեռ խնդիրներ կան: Այս նպատակով 2010-11թթ-ին առկա տեղեկատվական բազաների համադրելիության մակարդակի բարձրացում է իրականացվել, որի արդյունքում հնարավորություն է ընձեռվել հայտնաբերել այն ընտանիքներին, որոնք չպետք է լինեին նպաստառու ընտանիքների թվում. «Վերջին տարիներին սա մեզ հնարավորություն տվեց հայտնաբերել համակարգում ներառված, բայց նպաստ ստանալու իրավունք չունեցող շատ ընտանիքների և սրա հաշվին էլ նպաստառու ընտանիքների թվում տարբերություն արձանագրվեցե,- հայտարարեց նախարարության ներկայացուցիչը:
Ի՞նչ անել, որպեսզի նպաստառուների թվից դուրս չմնան այն ընտանիքները, որոնք իսկապես պետք է նպաստ ստանան: Այս նպատակով նախարարությունը մի մեխանիզմ է մշակել ` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման տեսքով, որի այսպես ասած պիլոտային տարբերակները ՀՀ մի քանի մարզերում արդեն իսկ ներդրվել են. «Տնային այցելություն, ընտանիքի հետ աշխատանք, անհատական ծրագրերի մշակում և այլն, ահա թե ինչ է տվյալ ձևի ինտեգրումը»,- պարզաբանեց բանախոսը:
|