ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանի հետ եղել է Վանաձորի <<Չինվան>> ՍՊԸ-ում, տեղում ծանոթացել տրակտորներ ու գյուղգործիքներ արտադրող հայ–չինական համատեղ գործարանի գործունեությանն ու հզորություններին: <<Սա մեր ոլորտի ամենակարևոր հարցերից է: Գիտենք, որ գյուղտեխնիկայի 15–20 տոկոսը մաշված է: Այսօր արդեն ճշգրտել ենք գյուղտեխնիկայի մեր պահանջարկը և ցանկանում ենք հաջորդ տարի վերջինիս բավարարման ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: Այդ ընթացքում կուսումնասիրենք իրական հնարավորությունները, ինչպես նաև, թե որքանով է այս գործարանի արտադրանքը որակական ու գնային առումով բավարարում գյուղացիների պահանջները>>,- լրագրողերի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ կարևորելով տեղական արտադրանքի խրախուսումը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ ձեռնարկության կարողություններին ծանոթանալուց հետո, ուսումնասիրություններ կկատարվեն այն տնտեսություններում, որոնք նախորդ տարիներին գնել են <<Չինվան>> ընկերության արտադրանքը: <<Հետազոտություններից հետո կքննարկենք գործարանի արտադրական հզորությունները զարգացնելու հարցը, քանի որ ցանկանում ենք խրախուսել տեղական արտադրողին>>,- նշեց Սերգո Կարապետյանը:
|