«Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջեւ դեկտեմբերի 6-ին Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որով կարեւորվում են տեղական գյուղմթերքի արտադրությունը խթանելու նպատակով ոլորտում ավելի շատ ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտությունը, գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման առաջնահերթությունը: «Օքսֆամ»- ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ նորաստեղծ գյուղատնտեսական դաշինքը բաց է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման շահագրգիռ բոլոր կողմերի համար, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքները, եռանդն ու լուծման ուղիները բերել՝ ի նպաստ ոլորտի զարգացման:
«Ոլորտում կան հիմնախնդիրներ եւ մարտահրավերներ: Դաշինքի ստեղծումը եւս մեկ քայլ է դրանց լուծման ուղղությամբ»,-ասաց Հակոբյանը: Նրա խոսքով՝ դաշինքի շնորհիվ կտրվեն կոնկրետ լուծումներ կոնկրետ խնդիրների: Նախատեսվում են պարբերական հանդիպումներ, քննարկումներ:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում արվող նմանատիպ քայլերով կապահովվի կայուն աճ: «Խնդիրներ կան, որոնց լուծումը միայն պետության միջոցով հնարավոր չէ, ուստի ուրախալի է, որ դաշինքում ընդգրկված են մեր հասարակական կյանքում կարեւոր դերակատարություն ունեցող կազմակերպություններ»,-ասաց փոխնախարարը: Նա ընդգծեց, որ նախարարությունը սերտորեն կհամագործակցի նոր դաշինքի հետ:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան նկատեց, որ չնայած Հայաստանում տնտեսական աճը նոր թափ է ստացել, սակայն դեռեւս կարիք կա միջազգային հանրության օգնության: «Ակնկալում ենք, որ այս դաշինքին հետագայում կմիանան նոր գործընկերներ, եւ մենք կկարողանանք արձանագրել նոր ձեռքբերումներ»,-նշեց Գերչեւան:
|