Վերջին 3 տարիներին պետական բյուջեից փոքր բիզնեսի աջակցման նպատակով հատկացվող գումարները չեն փոխվում` 150 մլն դրամ: Այդպես է նաեւ 2012 թ. պետական բյուջեում: Նշենք սակայն, որ մինչ 2009 թ. շատ ավելի մեծ գումաներ էին հատկացվում` 450-550 մլն դրամի սահմաններում: Սակայն այն ժամանակվա ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ջանքերով այդ հատկացումները գրեթե 3 անգամ կրճատվեցին: Ներկայում Տ. Դավթյանը էկոնոմիկայի նախարարն է, ու «ճաշակում էե իր իսկ կրճատումների արդյունքները, քանի որ էկոնոմիկայի նախարարությունն է հանդիսանում փոքր բիզնեսի զարգացման ծրագրերի իրականացնողը:
Պետք է խոստովանել` էկոնոմիկայի ներկայիս նախարարը գոնե օպերատիվ է, ու դեռ տարին չսկսած` կառավարության քննարկմանն է ներկայացրել փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության 2012 թ. ծրագիրը: Այդտեղից հետեւում է, որ նշված 150 մլն դրամից 100 մլն դրամը որպես աշխատանքի վարձատրություն հատկացվելու է ՓՄՁ ԶԱԿ-ի (փոքր ու միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն) աշխատակազմին ու փորձագետներին:Բարեբախտաբար` փոքր բիզնեսը կունենա ֆինանսավորման այլ աղբյուր` «ՓՄՁ ներդրումներե ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Դժվարանում ենք ասել, թե քանի փոքր գործարար է տեղյակ այս կառույցի գոյության մասին, սակայն էկոնոմիկայի նախարարությունը խոստանում է, որ 2012-ի վերջում այս կառույցի կողմից ՓՄՁ-ի ֆինանսավորման ծավալը կհասցվի մոտ 5 մլրդ դրամի: Իսկ որ ավելի կարեւոր է` այդ գումարների մի մասը կտրվի որպես ուղղակի վարկավորում կամ կապիտալի ֆինանսավորում:Ըստ պաշտոնական տվյաների` 2010 թ. ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է 43 տոկոս: Նախորդ տարվա տվյալներով այդ ցուցանիշը կազմել է 42.5 տոկոս:ՓՄՁ-ի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում նախորդ տարիների համեմատ գրեթե չի փոխվել եւ, ըստ նախնական գնահատականների, 2010 թ. կազմել է 17.9 տոկոս, իսկ ներմուծման ծավալում` 26.4 տոկոս: