Պարտադիր գյուղատնտեսական ապահովագրումը առայժմ շոշափելի օգուտներ չի տալիս ֆերմերների համար: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ հարցով երկար քննարկումներ են անցկացվել գյուղատնտեսության նախարարության եւ կենտրոնական բանկի հետ: «Արդյունքում մենք եկանք եզրակացության, որ ֆերմերային տնտեսությունների ներկայիս եկամտաբերության պայմաններում այդ մեխանիզմը լրացուցիչ ծախս է դառնալու ֆերմերի համար»,- ասել է վարչապետը:
«Եթե ապահովագրությունը ոչ պարտադիր լինի, այն ավելի թանկ կլինի, եւ ֆերմերային տնտեսությունների շատ փոքր մասը կարող է թույլ տալ իրեն»,- հստակեցրել է կառավարության ղեկավարը: Նրա խոսքով, գյուղատնտեսության խթանման համար այլ միջոցներ են հարկավոր:
|