Եթե ապրանքը գնվել է, այն չի վնասվել ու օգտագործվել, ապա 7 օրվա ընթացքում գնորդն իրավունք ունի փոխանակել կամ հետ վերադարձնել այդ ապրանքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 16-ին այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Նրա տեղեկացմամբ` ամանորյա շրջանում իրենց կառույցը ստուգումներ է իրականացրել հատկապես լայն սպառման ապրանքների շուկայում` խաղալիքներ, հիգիենայի միջոցներ, բենզին, գազ, տնտեսական ապրանքներ: «Ինչպես գիտենք, բոլոր խաղալիքները պետք է ունենան սերիտֆիկատ եւ հայերենով մակնշում: Հատկապես Ամանորի շրջանում, երբ բոլորը փորձում են խաղալիքների վաճառքով զբաղվել, տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնվում էին խաղալիքներ, որոնք չունեին հայերեն մակնշում եւ չէին անցել համապատասխան լաբորատոր ստուգումներ` պարզելու` արդյոք, դրանք երեխաների համար անվնաս են, թե` ոչ: Մեր տեսչության ստուգումների ընթացքում հայտնաբերել ենք այդ խաղալիքները, կասեցրել դրանց վաճառքը»,- ասաց Խալիկյանը:
Ինչ վերաբերում է բենզալցակայաններում արձանագրված խախտումներին, ապա դրանք մեծ մասամբ կապված են եղել «ռեգուլյարե տեսակի բենզինը «սուպերե-ի գնով վաճառելու հետ:
«Տեսչությունն ունի շարժական երկու լաբորատորիա, որոնք թույլ են տալիս հենց տեղում որոշել դրա որակը: Չնայած մարդիկ բողոքում են, որ լիտրի մեջ են խաբում, ապա մեր բոլոր արձանագրած խախտումները կապված են եղել դրա որակի հետ»,- նշեց Խալիկյանը` ընդգծելով, որ այդ խախտումների արդյունքում բենզալցակայանի գործունեություն է կասեցվել:
|