Տնտեսական աճը 2011 թ-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 6.5 տոկոս: Արդյունաբերության ճյուղում, հունվար-նոյեմբերին 2010 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ թողարկման ծավալների աճը կազմել է 13.9 տոկոս, գյուղատնտեսության ճյուղում` 14 տոկոս՝ պայմանավորված բացառապես բուսաբուծության ենթաճյուղի 24 տոկոս աճով: Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, անասնապահության ենթաճյուղում արձանագրվել է 0.4 տոկոս անկում:
Ծառայությունների ծավալներն աճել են 5.8 տոկոսով, առեւտրի ծավալները` 3.2 տոկոսով: Շինարարության թողարկման ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 19.5 տոկոսով: Անկման հիմնական պատճառը միջազգային վարկերի, կազմակերպությունների եւ բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատումն է:
Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, պահպանվել են ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման աճի տեմպերը. 2011 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանումն ավելացել է 31.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13-ով:
Հարկաբյուջետային հատվածը շարունակում է զսպող ազդեցություն թողնել գնաճային միջավայրի վրա՝ պայմանավորված բյուջեի դեֆիցիտի՝ նախատեսվածից զգալիորեն ցածր մակարդակով:
|