Հայաստանում կովերի բրուցելոզի համաճարակ չկա, նոր, արտառոց դեպքեր էլ չեն հայտնաբերվել: Այս մասին հունվարի 9-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական բաժնի պետ Գեւորգ Թովմասյանը: Նրա խոսքով` տարեկան երկու անգամ հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների մայրական գլխաքանակը ստուգվում է: Հունվարին գյուղնախարարությունը կսկսի ստուգումները եւ դրանք կավարտի փետրվարին, որից պարզ կլինի` բրուցելոզի դեպքեր կան, թե` ոչ: Իսկ մինչ այդ նախարարությունը ահազանգեր չի ստացել:
Գեւորգ Թովմասյանի խոսքով` մի շարք անապահով համայնքներ` Ծղուկ, Կոշ, Ձյունաշող, Քանաքեռ-Ավան, մշտական հսկողության ներքո են: Նրա փոխանցմամբ` բրուցելոզի հայտնաբերման դեպքում ըստ հրահանգի սպանդի է ենթարկվում գլխաքանակը եւ այդ կենդանու հետ շփված կենդանիները կրկնակի ստուգման են ենթարկվում, եթե հիվանդ կենդանի չի հայտնաբերվում, ապա դադարեցվում է սպանդը: Ի դեպ, բրուցելոզը համարվում է քրոնիկ հիվանդություն, դրա համար էլ պարբերաբար ստուգումներ են իրականացվում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում տարածված խոզերի աֆրիկյան ժանտախտին, ապա այն եւս չի արձանագրվել: Վերջին անգամ այն մեզանում արձանագրվել էր 2007թ եւ մասսայական միջոցառումներ էին իրականացվել:
|